/Eng /        





                         
           
                   

2008-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ 12.6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է "2008 թ. պետական բյուջեի մասին" օրենքի կատարման հաշվետվությունը` իշխանության պետական և դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ հիշյալ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 12.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.1%-ը: Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման (նախարարությունների աշխատակազմերի մասով) ծախսերը կազմել են 663.6 մլն դրամ կամ նախատեսվածի 97%-ը:

Նախորդ տարում 2.2 մլրդ դրամ և 379.3 մլն դրամ է տրամադրվել Ազգային ժողովին և վերահսկիչ պալատին, որոնց կատարողականը կազմել է համապատասխանաբար 99.9% և 99.8%: 2007 թ. համեմատ ծախսերն ավելացել են համապատասխանաբար 7.2%-ով և 105.9%-ով, աճը պայմանավորված է աշխատավարձի, իսկ Վերահսկիչ պալատում` նաև հաստիքային միավորների աճով:

Կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի ու սպորտի, կրոնի ու այլ ոլորտների բյուջետային հատկացումներում նկատված 2.4 տոկոսի չափով շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային և վարկային ծրագրերի ցածր կատարողականով և տնտեսումներով:

Դատական գործունեությանը և իրավական պաշտպանությանը տրամադրվել է 7.2 մլրդ դրամ կամ ծրագրի 93.6%-ը: Շեղումն արձանագրվել է հիմնականում դատական իշխանության մարմինների պահպանման, ՀԲ աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում ճապոնական և հոլանդական դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով:

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում ճապոնական և հոլանդական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2008 թ. ծախսվել է համապատասխանաբար 347.5 մլն դրամ և 15 մլն դրամ` կազմելով նախատեսված հատկացումների 84.9%-ը և 4.5%-ը:

Հաշվետու տարվա բյուջեից շուրջ 4.2 մլրդ դրամ տրամադրվել է դատական իշխանության մարմինների պահպանմանը` կազմելով նախատեսվածի 92.2%-ը: Ծրագրի շրջանակներում առկա են 352.1 մլն դրամի տնտեսումներ: 2007 թ. համեմատ` նշված ծախսերն ավելացել են 51.4%-ով կամ 1.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է դատավորների աշխատավարձերի բարձրացմամբ: 549.6 մլն դրամ է տրամադրվել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանմանը, որը կազմել է նախատեսվածի 99.1%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 3.1%-ով:

2008 թ. 2.5 մլրդ դրամ է տրամադրվել ՀՀ դատախազությանը, որը կազմել է նախատեսվածի 96.4%-ն ու 2007 թ. 108.7%-ը: Նշված գումարից 2.4 մլրդ դրամ տրամադրվել է դատախազության պահպանմանը, 62 մլն դրամ` վարչական օբյեկտների հիմնանորոգմանը և 53.9 մլն դրամ` դատախազության պահուստային ֆոնդին: Քրեակատարողական համակարգի պահպանության ծախսերը կազմել են 6.8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.8%-ը:

2008 թ. պետական բյուջեից կառավարության պահուստային ֆոնդին հատկացվել է շուրջ 37.1 մլրդ դրամ, որից օգտագործվել է 34.3 մլրդ դրամը կամ նախատեսվածի 92.5%-ը: Տրամադրված միջոցներից 14.4 մլրդ դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերին` կազմելով նախատեսվածի 85.1%-ը, 19.9 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին` ապահովելով 98.7% կատարողական: Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
www.panorama.am

 

 

 

         
 

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2009թ-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 328,7 մլն ԱՄՆ դոլար` կրճատվելով 44,8%-ով

ՀՀ Արտաքին առևտրային շրջանառությունը ԵՄ երկրների հետ 2009թ-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 328,7 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 44,8%-ով: Ինչպես "ԱՌԿԱ" գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրներին բաժին է ընկել ՀՀ ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 30,7%-ը:

Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 82,4 մլն ԱՄՆ դոլար (Հայաստանից ամբողջ արտահանման 46,9%-ը)` 2008թ-ի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվելով 57,6%-ով: Իսկ ԵՄ երկրների տարածքից ներմուծման ծավալը կազմել է 201,8 մլն ԱՄՆ դոլար (անկումը կազմել է 41,9%) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 22,6%-ը: Միաժամանակ, եթե ներմուծումը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա նշված ցուցանիշը կազմել է 246,4 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 38,7%-ով:

Ընդ որում, Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալը 2009թ-ի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 30%-ով և կազմել 1069,1 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 175,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալը` 893,5 մլն ԱՄՆ դոլար:
www.arka.am

 

 

"ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ" ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ դարձած "Հարկային փաթեթ"-ն այժմ վերախմբագրման է ենթարկվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելեց. «Մեր թիմում միանշանակ չեն վերաբերվում այս փաթեթին, և կան առաջարկություններ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված, որոնք կառավարության համար ընդունելի են: Այս փաթեթն այժմ գտնվում է վերախմբագրման փուլում և պատգամավորների արված դիտողությունների ներքո այն էականորեն կբարելավվի»:

Նկատենք, որ օրենսդրական այս նախաձեռնությունը հարկային օրինագծերի մի ամբողջություն է, որը խորհրդարանում որակում են հարկային փաթեթ: Այս փաթեթով, 4 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող բիզնեսմենների ընկերություններում կառավարությունը հարկային տեսուչ պետք է ներդներ։ Այսպիսով, կառավարությունը լրացուցիչ հսկողության մեխանիզմներ է ներդնում, որպեսզի գործարարները լավագույնս կատարեին իրենց հարկային պարտավորությունները։ Նախագիծը բողոքի որոշ ալիք էր բարձրացրել բիզնես ունեցող խորհրդարանականների շրջանում և նրանք հիմնականում դեմ էին այդ փաթեթին:
www.panorama.am